Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանը գրքերով հարստացրեց մարզային գրադարանները՝ յուրաքանչյուրին նվիրելով 50 գիրք

15:46, 19 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանը հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ մարզային գրադարաններից յուրաքանչյուրին նվիրեց հիսուն գիրք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ  Հայաստանի ազգային գրադարանը այս նախաձեռնությունն իրականացնում է հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ:

[gallery id=67697]

Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ, տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը նշեց, որ  այս տարի էլ առավել պահանջված գրքերից հիսունական գիրք են ընտրել՝ համայնքային 12 գրադարանի և երեք մարզի դպրոցական գրադարանների համար:

«Շատ հետաքրքիր համագործակցություն է, կարծում եմ՝ կարող ենք ավելին անել և հուսով եմ, որ  առաջիկայում նախագահի աշխատակազմի հետ ավելի մեծ գրադարանային գաղափարներ իրագործելու հնարավորություն կլինի»,-նշեց Հայրապետյանը:

Անդրադառնալով գիրք նվիրելու օրվա խորհրդին՝ նա ընդգծեց, որ  այն հիասքանչ առիթ է, քանի որ ովքեր գիրք են նվեր ստացել՝ մի «աշխարհ»  են նվեր ստացել:

«Ճիշտ է՝ փետրվարի 14-ը համաշխարհային գիրք նվիրելու օրն է,  նշվում է ամբողջ աշխարհում, բայց մեր օրը դրա հետ կապ չունի, մենք ընտրել ենք Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, որը հիանալի որոշում էր: Գաղափարը միանշանակ դրական աշխատեց և հիմա տեսնում ենք, թե ինչ հաճույքով են մարդիկ  իրար գրքեր նվիրում»,-եզրափակեց Ներսես Հայրապետյանը:

Հայաստանի ազգային գրադարանային հավաքածուն  համալրելու համար բոլոր ժամանակներում գործող հրատարակիչներն իրենց հրատարակած  գրքերից ամենաքիչը երկու օրինակ պետք է  պարտադիր տրամադրեն գրադարանին:

Ազգային գրադարանին մշտապես գրքեր տրամադրող «Էդիթ Պրինտ», «ՎԱՆ ԱՐՅԱՆ» և «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչությունները, որպես օրինապահ հրատարակիչներ, պարգևատրվեցին:

Հրատարակիչները,  նշելով Ազգային գրադարանին հատկացվող նմուշների կարևորությունն,  ընդգծեցին, որ հրատարակած մի շարք գրքեր նույնիսկ իրենց հրատարակչություններում են պահպանվում, բայց ազգային գրադարանում դրանք պահվում են և կփոխանցվեն սերունդներին:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը  նշեց, որ 2023 թվականին Հայաստանում 2400 անուն գիրք է հրատարակվել՝ տարբեր ձևաչափերով և լեզուներով:

MXO_6005.jpg (661 KB)

«Տարվա ընթացքում հրատարակված  այն գրքերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը, մոտավորապես 50-ն է, քանի որ մենք աշխատում ենք երկու ուղղությամբ՝ բացի գեղարվեստական ճյուղից զբաղվում ենք նաև դասագրքային տպագրությամբ»,-ասաց Սամվելյանը:

Նա  նկատեց, որ ակնհայտ երևում է, որ ընթերցողների թիվը և հետաքրքրությունը վերջին երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացել է: Ըստ նրա՝ դրան նպաստել է հրատարակչությունների թարգմանական գրականության ներկայացումը, գրադարանների ակտիվ գործունեությունը, գրախանութների ավելացումը և առողջ մրցակցության մթնոլորտի ձևավորումը:

«Կարելի է ասել գիրք նվիրելու ավանդույթը, որը ձևավորվել է 2008 թվականից հետո, վերջին 10 տարիների ընթացքում գնալով ավելի է մասսայականացել՝ նպաստելով ընթերցողների թվի աճի ավելացմանը»,-եզրափակեց խմբագիրը: 

 


© 2009 ARMENPRESS.am