Հայաստանը հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

17:38, 4 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ Հայաստանի հայտը ներկայացրել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ բացի Հայաստանից, 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան: Երևանի և Վառնայի նախնական հայտերի ներկայացումից հետո Հրաձգության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել երեք հոգանոց աշխատանքային հանձնաժողով ձևավորել, որը կայցելի մրցավայրեր՝ պայմաններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:

ԵԱ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2024 թվականի մայիսին:

 


© 2009 ARMENPRESS.am