Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցը կկառուցվի հիմնովին

12:34, 14 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնովին կկառուցվի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասապրոցեսն առաջիկայում այստեղ կազմակերպելու պայմանները և հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Մարզպետը շրջել է դպրոցի մասնաշենքերում, դասասենյակներում, մարզադահլիճում, ճաշարանում, ծանոթացել շենքային պայմաններին ու հնարավորություններին, զրուցել  մանկավարժների հետ՝ պատասխանելով նաև նրանց հուզող հարցերին։

«Ուզում եմ լավ լուր հայտնել ձեզ առ այն, որ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցն ընդգրկվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկում։ Իսկ սա նշանակում է, որ մոտ ապագայում Երանոսը կունենա նորագույն պայմաններով հագեցած դպրոցական շենք։ Եվ քանի որ նոր շենքը կառուցվելու է դպրոցական հին շենքի տեղում, մենք այս պահից ձեռնարկում ենք Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասերն այստեղ կազմակերպելու նախապատրաստական քայլերը։ Մեր դիտարկումը ցույց տվեց, որ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասերն այստեղ անցկացնելը ենթադրում է շենքային պայմանների ու հնարավորությունների որոշակի բարելավում՝ վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնելու պայմանով։ Կաշխատենք ի հայտ եկած բոլոր խնդիրները հնարավորինս արագ կարգավորել, որպեսզի 2 դպրոցի համատեղ դասապրոցեսը, թեկուզ երկհերթ կարգով, ընթանա սահուն կերպով»,-ներկայացրել է Կարեն Սարգսյանը։

Խոսրով  Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am