Վրաստանի վարչապետն անդրադարձել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագրին

16:05, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրով երկու երկրներն էլ ավելի բարձր մակարդակի են բարձրացրել երկկողմ հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա ու արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին»,- հայտարարեց Կոբախիձեն՝ հավելելով, որ Հայաստանն ու Վրաստանը դարեր շարունակ համագործակցել և եղբայրական հարաբերություններ են ունեցել։ 

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնեց, որ քննարկումներին անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև քաղաքական, տրանսպորտի, տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում ու տարբեր ձևաչափերով գոյություն ունեցող համագործակցությանը։

«Այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա․ դա շատ կարևոր է»,- ընդգծեց նա։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր։


© 2009 ARMENPRESS.am