Թատրոնը՝ հոգին բուժելու լավագույն վայր. «Արտավազդ»-ի մրցանակակիր Անուշ Զանգիզորյանն՝ իր տարերքի մասին

09:01, 11 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Անուշ Զանգիզորյանը թատրոնը համարում է հոգին բուժելու լավագույն վայր, հարթակ, որը հնարավորություն է տալիս կերպարների միջոցով խոսել մարդկային այն զգացմունքների մասին, որոնք իրական կյանքում ստիպված ես թաքցնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զանգիզորյանը, որն օրերս արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակին, խոստովանում է՝ հաղթանակն իր համար շատ անսպասելի էր:

OLD03539.JPG (559 KB)

«Այդ անվանակարգում ներկայացված էր նաև Գյումրու թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանը: Համոզված էի, որ նրան է տրվելու մրցանակը: Երբ հնչեց իմ անունը, հասկացա, որ շատ հուզված եմ: Առաջին անգամ էի մասնակցում «Արտավազդ»-ին, առաջին անգամ էի մրցանակի արժանանում: Երջանիկ էի»,-նշում է նա և հավելում՝ երբ մրցանակը ձեռքին իջել է բեմից, գիտակցել է, որ այն նաև շատ պարտավորեցնող է, ուստի հարկավոր է ավելի շատ աշխատել, առաջ գնալ:

Անուշ Զանգիզորյանն «Արտավազդ» ստացել է Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451» ներկայացման համար, որում  մարմնավորում է Քլարիս Մըքլելնին:

Շատ է ցանկանում մի օր կերտել Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի գլխավոր հերոսներից մեկի՝ Էլիսոնի կերպարը: «Առաջին անգամ կարդացի պիեսն ու հոգևոր կատարսիս ապրեցի: Պիեսներ ընթերցելիս հազվադեպ եմ շատ տպավորվում կամ ուժեղ զգացողություններ ունենում, բայց այս գործն ինձ շատ հոգեհարազատ է: Էլիսոնի կերպարը հետաքրքիր է: Ներկայացվում են մարդու այնպիսի զգացողություններ, զգացմունքներ, որոնք իրական կյանքում չենք կարողանում արտահայտել»,-նշում է Անուշը:

Նրա խոսքով՝ ինքը շատ բան է ասում բեմից: «Իմ պարագայում ասելիքս ոչ թե ինչ-որ մեկին, այլ աշխարհին է ուղղված: Երբեմն կարևոր չէ կընկալվի, թե ոչ, էականն այն, որ դու ռիսկի դիմես ու խոսես»,-հավաստիացնում է դերասանուհին:

Անուշ Զանգիզորյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոռեժիսոր է, բայց դերասանական դասընթացների է հաճախել:

Դեռ չի մտածում  կինոռեժիսորի աշխատանքով զբաղվելու մասին, բայց չի բացառում, որ մի օր բեմադրություն կանի թատրոնում, որովհետև թատրոնն իր տարերքն է: «Երբ աշխատում ես թատրոնում, շատ լավ գիտես անցուդարձը, ներքին խոհանոցը, ավելի հեշտ կկողմնորոշվես: Կարծում եմ՝ հեշտ կլինի առաջին անգամ որպես ռեժիսոր ներկայանալ թատրոնում, հետո արդեն հնարավոր է նաև կինոարվեստում»,-ընդգծում է դերասանուհին:

Նա վստահ է՝ թատրոնում ոչ միայն կարողանում է բուժել հանդիսատեսին, այլև ինքն իրեն:

Անուշը Գավառի թատրոնում աշխատում է 2022 թվականից։ Խաղացել է Հովհ. Օհանյանի «Կարմիր Գլխարկի արկածները», «Ամանորի կախարդանքը», Ռ. Բրեդբերիի «Ֆարենհայթ 451», Վ. Կրասնոգորովի «Հիշիր, բժիշկ, հիշիր», Ա. Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը», Յ. Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումներում։ 

Անժելա Համբարձումյան

 

 


© 2009 ARMENPRESS.am