Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն ԱԹՍ-ի միջոցով «Սևան» ՔԿՀ արգելված իրեր փոխանցելու փորձ են կանխել

19:10, 10 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 9-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, իրականացրել են հիմնարկի արտաքին տարածքի զննություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, տեղազննության արդյունքում երկու դիտաշտարակների միջնամասից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքով նետված փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ։

Ըստ աղբյուրի՝ փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 35 հատ լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ։ Բացի այդ՝ փաթեթում հայտնաբերվել են 7,3 գրամ քաշով, բաց դարչնագույն, փխրուն զանգվածներ, 11,3 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման և  18,4 գրամ քաշով, կանեփանման, դեղնականաչավուն, բուսական զանգվածներ։

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։


© 2009 ARMENPRESS.am