Հայնան․ բացահայտելով Չինաստանի «Հավայան կղզիները»

12:44, 11 Ապրիլ, 2024

ՊԵԿԻՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի ամենահարավային նահանգը՝ Հայնանը, որը հաճախ անվանում են «Չինաստանի Հավայան կղզիներ», դրախտային արևադարձային կղզի է՝ ոսկեգույն ավազե լողափերով, արմավենիներով, հինգաստղանի հյուրանոցներով, ժամանցի վայրերով և մշակութային տեսարժան վայրերով՝ դարձնելով այն երանելի հանգստի իդեալական ուղղություն։  

Պատահական չէ, որ զբոսաշրջությունը նահանգի կարևորագույն ոլորտներից է։ (Ի դեպ, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել Չինաստան, այդ թվում և` Հայնան):

Սակայն բացի զբոսաշրջային պահանջված ուղղություն լինելուց, Հայնան կղզին նաև Չինաստանի ամենամեծ հատուկ տնտեսական գոտին է։ Այն նաև հյուրընկալում է Բոաո ասիական ֆորումը, որն ընդունված է անվանել «Ասիական Դավոս»։ Հայնանն այսօր վերափոխվում է աշխարհի ամենամեծ ազատ առևտրային նավահանգստի։

Նահանգն ունի արևադարձային մուսոնային օվկիանոսային կլիմա և առատ արևի լույս, ինչն այն իդեալական վայր է դարձնում մշակաբույսերի աճեցման համար: Ավելին, կղզում հայտնաբերված ավելի քան 4000 բույսերի շարքում մոտ 2000-ը կարող են օգտագործվել որպես դեղամիջոց, ինչը կազմում է Չինաստանի բուժիչ դեղաբույսերի բազմազանության 40%-ը և Հայնանին արդարացիորեն շնորհում է երկրի «բնական դեղամիջոցների պահեստ»-ի տիտղոսը:

Հայնանի ազատ առևտրային գոտին Չինաստանի ամենամեծ ու բաց հարթակն է, որտեղ երկրի ամենաբարենպաստ քաղաքականությունը կենտրոնացած է զրոյական մաքսատուրքերի, ցածր հարկերի դրույքաչափերի և պարզեցված հարկային համակարգի շուրջ:

Վերջին հինգ տարիներին Հայնանում վճարված օտարերկրյա ներդրումների տարեկան միջին աճը կազմել է 63,3%: 2022 թվականին Հայնանի ազատ առևտրային հաշիվներով կապիտալի հոսքը կազմել է ավելի քան 35 միլիարդ դոլար։ Միայն վերջին հինգ տարում Հայնանում շուկայի մասնակիցների աճը գերազանցել է նահանգի հիմնադրմանը հաջորդած 30 տարիներին գրանցած աճի ցուցանիշին: Հայնանի ազատ առևտրային նավահանգստում հատկապես սրընթաց աճ են գրանցում ապագային ուղղված արդյունաբերական երեք ուղղությունները՝ «Ցամաքային» (սերմնաբուծություն), «Ծովային» (ստորջրյա գիտություն և տեխնոլոգիա) և «Աերոտիեզերք» (ավիատիեզերական գիտություն և տեխնոլոգիա)։

«Մենք ստեղծել ենք ազատ առևտրային նավահանգստի քաղաքականության համակարգ, որը դյուրացնում և ազատականացնում է առևտրի, ներդրումների, անդրսահմանային կապիտալի, անձնակազմի և տրանսպորտի, ինչպես նաև տվյալների անվտանգ և կանոնավոր հոսքը», - ապրիլի 11-ին Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայնանի նահանգապետ Լիու Սիաոմինը։ - «2022 թվականին Հայնան կատարած այցի ժամանակ նախագահ Սի Ծինփինը վերահաստատեց Հայնանի՝ որպես չինական բնութագրերով և համաշխարհային ազդեցությամբ ազատ տնտեսական նավահանգիստ զարգացումն արագացնելու, ինչպես նաև Հայնանի ազատ տնտեսական գոտին ամբողջ աշխարհում որպես փայլուն չինական մոդել դարձնելու կարևորությունը»։

2023 թվականին Հայնանը գրանցել է աճի ամենաարագ տեմպերն ամբողջ երկրում՝ ՀՆԱ-ի 9,2% աճով։ Այժմ տեղական իշխանությունները պատրաստվում են «կղզու ամբողջ տարածքում հատուկ մաքսային գործողությունների»։ Հայնան նահանգի համախառն տարածաշրջանային արդյունքը 2023 թվականին կազմել է ավելի քան 104,3 միլիարդ ԱՄՆ դոլար։

Տեղական իշխանությունները մեծ նշանակություն են տալիս նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը, ուստի Հայնանում մաքուր էներգիայի կայանների և նոր էլեկտրոմոբիլների սեփականության համամասնությունը զգալիորեն բարձր է ազգային միջին ցուցանիշից:

2030 թվականից Հայնանը կարգելի հանածո վառելիքով մեքենաների վաճառքը։ Հայնանի զբոսաշրջային 5 ամենապահանջված ուղղություններն են մանրածախ զբոսաշրջությունը, առողջապահական և բժշկական զբոսաշրջությունը, ծովային զբոսաշրջությունը, մշակութային զբոսաշրջությունը և սպորտային զբոսաշրջությունը:

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։


© 2009 ARMENPRESS.am