Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Տոկաև

12:11, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանը  պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մեր բարեկամական երկրներին մերձեցնելն է, ճանապարհ բացելը անքակտելի բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար այս տարածաշրջանում»,- նշել է Տոկաևը։


© 2009 ARMENPRESS.am