Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը

20:50, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման կարծում է, որ կոկաինի և էքստազիի նման թունդ թմրանյութերի վաճառքը պետք է կարգավորվի որպես թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի միակ միջոց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարծում եմ, որ հոգեմետ որոշ միջոցներ վտանգավոր են, ուստի խելամիտ կլինի նվազեցնել թմրամիջոցների օգտագործումը: Այնուամենայնիվ, ես նաև նկատում եմ, որ այն, ինչ մենք անում ենք, չի օգնում։ Պետք է մտածենք թմրամիջոցների կարգավորման ավելի լավ ուղիների մասին»,- ասել է Ամստերդամի քաղաքապետը։

Նրա խոսքով՝ վերահսկողության ներկայիս մեթոդները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, կոկաինի փողոցային գինը մնացել է նույնը։

«Հեգնական չէ՞, որ թմրանյութերի առևտուրը թողնում ենք հանցագործներին և չենք փորձում ճանապարհ գտնել քաղաքակիրթ շուկա ստեղծելու համար», - նշել է Հալսեման։

Նա հավելել է, որ կոկաինի շրջանառությունը կարգավորվող շուկայի տարբերակով  կարելի է մտածել նաև էքստազիի շուկա ստեղծելու մասին:


© 2009 ARMENPRESS.am