Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

13:51, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ռուսական համալսարանում (Սլավոնական համալսարան) ահաբեկչության վերաբերյալ ահազանգ է ստացվել, որը ստուգվել է օպերատիվ խմբի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։ 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։   

ՆԳՆ-ից հավելեցին, որ  կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ահազանգ է եղել համալսարանի շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։

Հայ-ռուսական համալսարանը ևս հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունը:

Ելնելով ՀՌՀ-ի Անվտանգության ռազմավարությունից և տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում սովորողների անվտանգության և համարժեք վարքագծի ապահովման համալիր միջոցառումների իրականացման նպատակով իրականացվել է ԲՈՒՀ-ի ուսանողների և աշխատակիցների ուսումնական տարհանում:

Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ: Նշենք, որ համալսարանն իր գործունեությունը շարունակում է բնականոն ռեժիմով, և ներկայումս բուհում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ ՝ Ունիվերսիադա-2024, ուսանողների հանդիպում տիեզերագնաց Հարություն Կիվերյանի հետ և այլն»։ 


© 2009 ARMENPRESS.am