Մասնագիտական հանրության ձայնը լսելի է լինելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Ճարտարապետների պալատին

21:45, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Եղիազար Վարդանյանը կարևորել է պալատի՝ որպես առանցքային գործընկերոջ հետ ներդաշնակ աշխատանքը՝ վստահեցնելով, որ մասնագիտական հանրության ձայնը լսելի է լինելու։ Նա առաջարկել է համատեղ աշխատանքն սկսել հրատապ մի քանի խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերհանմամբ՝ զուգահեռաբար ուրվագծելով բարեփոխման հետագա քայլերը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը շնորհակալություն է հայտնել Եղիազար Վարդանյանին պատրաստակամության և գործնական մոտեցման համար՝ նշելով մասնագիտական դաշտի արդի մարտահրավերներին համարժեք արձագանքելու գործում կոմիտեի անմիջական աջակցության անհրաժեշտությունը։

«Հանդիպմանը քննարկվել են «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի արդիականացմանը, մասնագետների իրավունքների պաշտպանությանը, հայաստանյան նախագծերում օտարերկրյա ճարտարապետների, կոնստրուկտորների ներգրավմանը, ինչպես նաև Հայաստանում Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի ամենամյա միջոցառման անցկացմանը վերաբերող և բազմաթիվ այլ հարցեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նախանշել է առանցքային այն ուղղությունները, որոնց բարեփոխումն անհրաժեշտ է քաղաքաշինության բնագավառի զարգացման համար։ Առաջնահերթ նախատեսվում է թվայնացնել հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը, հստակեցնել պետական համալիր փորձաքննությունը, վերանայել քաղաքաշինական նորմերի մշակման քաղաքականությունը և ձևավորել քաղաքաշինական թվային կադաստր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ առանձնացված հարցերի աշխատանքային քննարկման, համատեղ ծրագրերի մշակման նպատակով։ 


© 2009 ARMENPRESS.am