Կայացավ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի հանրապետական մրցույթի մարզային փուլը

19:16, 23 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 11-րդ հոբելյանական մրցույթը նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակին, որի մարզային փուլն անցկացվել է ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում:

Մրցույթին մասնակցել են  մարզի արվեստի և երաժշտական դպրոցների 7 երգչախմբեր՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:

Ժյուրիի կազմում էին վաստակաշատ մանկավարժ Արգենտինա Պողոսյանը, «Մշակութային աջակցության հիմնադրամի» մեթոդիստ, Նունե Մելիքսեթյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգչախմբավարության ամբիոնի վարիչ և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, խմբավար Արտաշես Բաբուխանյանը:

Մարզի տարբեր համայնքներից մասնակից խմբերը լավագույնս հանդես են  եկել մրցույթի մարզային փուլում և արժանացել  ժյուրիի գովեստի խոսքերին: Հաղթող են ճանաչվել  և մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն են  ստացել Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Վարդենիսի թիվ 1 երաժշտական և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:

Վերջում երգչախմբերի ղեկավարների համար ժյուրիի անդամներն անցկացրել են  վարպետաց դասեր, պատասխանել  նրանց հետաքրքրող հարցերին:

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա ապրիլի 28-ին, Երևանում:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am