Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ

13:57, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատկան մարմինները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հավաստիացրել են, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատումից սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բոլոր  իրավունքները երաշխավորելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անահիտ Մանասյանն այս մասին ասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։

«Մինչև սահմանազատման գործըթնացի մեկնարկը ես այցելել եմ Տավուշի մարզ: Այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո մեկնել եմ սահմանամերձ բնակավայրեր: Ինձ համար կարևոր է իմ մանդատի շրջանակում գործառույթ իրականացնելը, այսինքն՝ քաղաքացիների խնդիրները, մտահոգությունները արձանագրելը և մարդու իրավունքների տեսանկյունից դրանք հասցեավորելը: Քաղաքացիները մեզ բազմաթիվ մտահոգություններ են հայտնել իրենց անվտանգության, սեփականության իրավունքի և այլնի վերաբերյալ: Ես արձանագրել եմ այդ ամենը և թե՛ բանավոր հաղորդակցության միջոցով, թե՛ գրավոր պաշտոնապես ուղարկել եմ իրավասու մարմիններին: Այս պահին ինձ տրված է հավաստում, որ քաղաքացիների բոլոր իրավունքները երաշխավորելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում»,- ներկայացրեց նա: 

ՄԻՊ-ը վստահեցրեց՝ կարևորում է պրոցեսը մոնիթորինգի ենթարկելը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խնդիրներ տեսնելու դեպքում անմիջապես հասցեավորելու է:

 


© 2009 ARMENPRESS.am