Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր

11:06, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում ոստիկանության երկու աշխատակից է զոհվել, չորսը՝ վիրավորվել ճանապարհապարեկային ծառայության կարգախմբի վրա հարձակման հետևանքով։ Պատասխան կրակով ոչնչացվել են հինգ հարձակվողներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մարտական բախման հետևանքով զոհվել են ՌԴ ՆԳՆ Կուրգանի մարզի երկու գործուղված աշխատակիցներ: Վիրավորվել են ՆԳՆ Կարաչայ-Չերքեզիայի ​​Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ճանապարhապարեկային ծառայության երկու աշխատակիցներ, Ռուսաստանի ազգային գվարդիայի Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ջոկատի երկու աշխատակիցներ և ՌԴ ՆԳՆ Կուրգանի մարզի վարչության մեկ աշխատակից: Հինգ  հարձակվողներ տեղում ոչնչացվել են», - լրագրողներին հայտնել են տարածաշրջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Ոստիկանության տուժած աշխատակիցները հոսպիտալացվել են, նրանց ցույց է տրվում անհրաժեշտ բուժօգնություն։

Չարագործները մեքենայով մոտեցել են ոստիկանների ժամանակավոր դիրքին, ոստիկանների վրա են նետել պայթուցիկ սարք և ինքնաձիգից կրակ են բացել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ընդ որում, չարագործներից մեկի վրա տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, աշխատում են քննչական-օպերատիվ խումբը և պայթուցիկ նյութերի մասնագետները: Հանրապետության դատախազությունը վերահսկում է պատահարի հետաքննությունը:


© 2009 ARMENPRESS.am