Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել

14:24, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ տեղական ժամանակով 07։00-ի մոտ մի մեքենա մտել է Հեյնոթ թաղամասում գտնվող տներից մեկի մեջ, այնուհետև կասկածյալը սկսել է թրով հարձակվել մարդկանց վրա։

36-ամյա տղամարդը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի։

Հեյնոթի մետրոյի կայարանը փակվել է, որոշ ճանապարհներ շղթայվել են, ավտոբուսների երթուղին փոխվել է։


© 2009 ARMENPRESS.am