Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

23:14, 9 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

 Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։ 

«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» մայիսի 5-ից Տավուշից քայլերթ էր սկսել դեպի Երևան։ Երթը Երևան հասավ մայիսի 9-ին․ Հանրապետության հրապարակում կայացավ շարժման հրավիրած հանրահավաքը։ Հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացվեց։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է իրենց առաջիկա անելիքները։ Նրանք մայիսի 10-ից պատրաստվում են անհնազանդության խաղաղ ակցիաներ անցկացնել։  Շարժման նպատակներից է նաև խորհրդարանի միջոցով վարչապետին անվստահություն հայտնելը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am