2050 թվականին մոլորակի վրա ապրող մարդկանց թիվը կգերազանցի 10 միլիարդը

09:50, 11 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կողմից հուլիսի 11-ը 1989 թվականին հռչակվել է Բնակչության միջազգային օր: Այս օրվա հռչակման նախապատմությունը կապված է 1987 թվականի հուլիսի 11-ին լույս աշխարհ եկած 5 միլիարդերորդ քաղաքացու հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ ՄԱԿ-ը հուլիսի 11-ը անվանի Հինգ միլիարդի օր: Համաձայն մասնագետների կանխատեսումների՝ 2050 թվականին մոլորակի վրա կապրի 10 միլիարդից ավելի մարդ: Բնակչության միջազգային օրը Երեւանում կնշվի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակից, 1990 թվականից սկսած` աշխարհի բոլոր կառավարությունները, որոնք աշխատում են ՄԱԲՀ-ի եւ ազգային գործընկերների հետ, նշում են Բնակչության միջազգային օրը մի շարք միջոցառումներով` կենտրոնանալով օրվա թեմայի եւ համընդհանուր զարգացման ռազմավարություններում բնակչության հիմնախնդիրների կարեւորության վրա: «Կորսված հավասարակշռություն.արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագծի շնորհանդեսը տեղի կունենա գրասենյակի կազմակերպած միջոցառման ընթացքում: Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու աշխարհի ուշադրությունը շարունակական եւ համեմատելի վիճակագրական տվյալների հասանելիությունն առավել կարեւոր է դարձել: Տվյալներն օգնում են առաջնորդողներին եւ որոշում կայացնողներին ընդունել իրազեկ որոշումներ քաղաքականությունների եւ ծրագրերի վերաբերյալ: Բնակչության ընդհանրական հիմնախնդիրներն «արագ փոքրացող» արդի աշխարհում ձեռք են բերել համամարդկային բնույթ, որում կարեւոր է չկորցնել առանձին մարդուն ու նրա անհատականությունը: Տարիներ շարունակ ՄԱԲՀ-ն` ՀՀ Ազգային ժողովի, նախարարությունների, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, իրավական կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների եւ գիտահետազոտական հաստատությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային եւ դոնոր հասարակության, ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ իրականացնում է միջոցառումներ, որոնք էական նշանակություն ունեն կառավարությունների համար մարդկանց կարիքները հոգացող քաղաքականությունների մշակման գործընթացում: Թարմ տվյալների հասանելիությունը, ճիշտ կառավարման, թափանցիկության եւ վստահելիության բաղադիրչն է: ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ ու երեխայի` առողջ կյանք վարելու եւ հավասար հնարավորություններ ունենալու իրավունքները:


© 2009 ARMENPRESS.am