ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումները տարհանել են խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները

11:16, 22 Նոյեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: «Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»:

Ղարաբաղա-­ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-­ին ժամը` 13.45-­ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-­ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ­24 ուղղաթիռը: Հակառակորդը մի քանի շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` չանսալով միջազգային հանրության կոչերին` դադարեցնել կրակը մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:


© 2009 ARMENPRESS.am