Մարտի վերջին Ստեփանակերտում վեր կխոյանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Զանգակատունը

09:45, 3 Դեկտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնութ մետր բարձրությամբ ավանդական զանգակատուն` ժամանակակից շնչով, մարմարե կամարներով ու խաչով.  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստեփանակերտում կհարգեն նոր կառուցվող Զանգակատուն կոթողում, որի կառուցումը կավարտվի մարտի վերջին: Հուշակոթողի հեղինակը ճարտարապետներ Վլադիմիր եւ Միքայել Սարգսյաններն են: Գաղափարը հղացել է տասը տարի առաջ, երբ ճարտարապետները նախագծել են Ստեփանակերտի հուշահամալիրի վերանորոգման ծրագիրը:

«Գաղափարը, որ ներկայացվեց տասը տարի առաջ, այսօր արդեն իրականություն է: Զանգակատունը կաբողջացնի հուշահամալիրը, կլինի ամենաբարձր շինությունն ու Զանգակատան կամարներն ու խաչը քաղաքի տարբեր հատվածներից տեսանելի կլինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը` հավելելով, որ նախագիծն իրականություն է դարձել հանգանականությունների եւ պետության տրամադրած գումարների շնորհիվ:

«Զանգակատուն» կառուցելու գաղափարը խիստ խորհրդանշական է: Գաղափարը ներկայացնելիս Սարգսյանը ոգեշնչվել է Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, վերընթերցել մի քանի անգամ ու հասկացել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար պետք է կառուցել «անլռելի» զանգակատուն: Ըստ նախագծի, կառույցն անլռելի է լինելու բառի բուն իմաստով:

«Այցելուները հնարավորություն կունենան զանգ տալ եւ միլիոնավոր զանգերը կմարմնավորեն Ցեղասպանության զոհերին եւ փաստը, որ հարյուր տարի անց մարդկությունը չի մոռանում այդ ողբերգությունը»,- ասաց Վլադիմիր Սարգսյանը:

Հուշակոթողի շինարարական աշխատանքները սկսվել են հունիսին: Եղանակային վատ պայմանները չեն կարող խոչընդոտել շինարարական աշխատանքներն, ու ճարտարապետը հավաստիացնում է, որ մարտի վերջին կառույցի շինարարությունն ավարտված կլինի:

Թե ինչպես տեղի կունենա կառույցի բացման արարողությունը, ճարտարապետը տեղյակ չէ: Չեն մտածել այդ մասին: Միակ հաստատն այն է, որ բացմանը պետք է տեղի ունենա պատարագ ու Արցախում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը պետք է օծվի, պատվի խնկի ու մոմի բույրով, լսի հոգեւորականի աղոթք:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am