Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողները կրկին Բաղրամյան պողոտայում են

20:43, 23 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապար³կում բողոքի ակցիա իրականցնող ցուցարարները կրկին որոշեցին շարժվել Նախագահական նստավայրի ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ցուցարարները հանդիպեցին ոստիկանական պատնեշին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 23-ի առավոտյան բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն իսկ ազատ են արձակվել: Օսիպյանն, անդրադառնալով այժմ ընթացող երթին, նշեց, որ այն անօրիկնական է: «Դրա համար էլ հավաքի մասնակիցներին չի թույլատրվում շարունակել երթը Բաղրամյան պողոտայով: Եթե գործողությունները կրեն անօրիական բնույթ, ապա կփորձենք բացատրել, որ դրանք անթույլատրելի են: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան և կընդունեն, որ իրենց հավաքն անօրինական է»,- ընդգծեց Օսիպյանը:

Խոսելով առավոտյան տեղի ունեցած գործողությունների մասին՝ փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը փորձել է այնպես անել և անգամ կոչով է դիմել, որպեսզի ցուցարարները գոնե վերադառնան Ազատության հրապարակ: «Նրանք անգամ դրանից հրաժարվեցին: Շատերը հրաժարվում էին ոստիկանության օրինական պահանջները կատարելուց, ինչը նույնպես ենթակա է արձագանքի»,- նշեց Վալերի Օսիպյանը:

Հունիսի 23-ին ժամը` 18:00-ին, Ազատության հրապարակում վերսկսվել է էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ համարելու պահանջով անցկացվող ցույցը: Նախ ցուցարարները բաժանվեցին, որոնցից մի մասը մնաց Ազատության հրապարակում, մյուս մասը շարժվեց Բաղրամյան պողոտա: Սակայն չհասած Բաղրամյան պողոտա՝ ցուցարարները որոշեցին հետ վերադառնալ Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում հարթակում կանգնած ցուցարարները հայտարարեցին, թե սպասում են, որ բերման ենթարկված իրենց բոլոր ընկերներն ազատ արձակվեն, որից հետո նոր կշարունակեն հետագա քայլերի մասին խոսել:

 

 


© 2009 ARMENPRESS.am