Վալերի Օսիպյանը ներողություն խնդրեց լրագրողներից, եթե ոչ համաչափ ուժի կիրառման դեպքեր են եղել
22:34, 23 Հունիս, 2015
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներողություն է խնդրել լրագրողներից, եթե ոչ համաչափ վերաբերմունք է ցուցաբերվել նրանց նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան: «Ովքեր մեղավոր են ոչ համաչափ գործողությունների մեջ, հավատացնում եմ, կպատժվեն: Մենք ամեն օր առօրյայում շփվում ենք լրագրողների հետ և հատուկ վերաբերմունք ունենք նրանց նկատմամբ,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով լրագրողների վնասված տեխնիկայի վերադարձի հարցին` Վալերի Օսիպյանը նշեց, որ քննություն կանցկացվի, որից հետո նոր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Հունիսի 22-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիները շարժվել էին Բաղրամյան պողոտա և նստացույց իրականացրել: Երթի առիթով ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակեպված երթը դեպի ՀՀ Նախագահի նստավայր համարում է անօրինական: Ոստիկանությունը չէր բացառել, որ ուժ կկիրառվի այն դեպքում, եթե ցուցարարները չազատեն Բաղրամյան պողոտան: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույցը: Այդ ընթացքում 237 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ: Բերման ենթարկվածների թվում են եղել նաև լրագրողներ, որոնց տեխնիկան վնասվել է:
Հունիսի 24-ին Բաղրամյան պողոտայում կրկին հավաքված ցուցարարներին Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել: