«Վիտամին» ակումբի դերասանները լավագույն ելք են համարում բանակցությունները

01:25, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման անցկացվող ակցիային միացել են «Վիտամին» ակումբի դերասաններ Արամ MP3-ն և Վաչե Թովմասյանը: Լրագրողների հետ զրույցում Արամ MP3-ն նշեց, որ իրենք այստեղ են, որպեսզի կենդանի պատնեշ կազմեն ցուցարաների և ոստիկանների միջև՝ կանխելու համար հնարավոր բախումը: «Մենք չենք ցանկանում, որ կրկնվեն նախորդ օրվա դեպքերը, և վստահ ենք, որ դա չեն ցանկանում այստեղ հավաքված քաղաքացիները և ոստիկանները: Դրա համար մենք այսօր միանում ենք ակցիային և մեր առաջնային նպատակը հնարավոր բախումը կանխելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ընդգծեց Արամ ՄՊ3-ն:

Վաչե Թովմասյանն իր հերթին նշեց, որ իրենք միացել են ակցիային, քանի որ համոզվել են, որ այն քաղաքական ենթատեքստ չունի և կազմակերպվել է քաղաքացիական հասարակության կողմից:

Դերասանները միակարծիք են այն հարցում, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն ելքը բանակցություններն են: Նրանք հայտնեցին, որ կզրուցեն քաղաքացիների հետ և կփորձեն հասնել այն բանին, որպեսզի խնդիրը լուծվի բանակցությունների եղանակով:


© 2009 ARMENPRESS.am