Հայկական շարականները հնչել են Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում

10:18, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Համասյանի դաշնամուրային մշակմամբ հայկական շարականներն ու տաղերը հնչել են Վանա լճի Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, հայ անվանի ջազ-դաշնակահարի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի հերթական ելույթը պատմական Հայաստանի տարածքում տեղի է ունեցել հունիսի 23-ին:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 25-ին Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը ելույթ կունենան Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30-ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակում:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են աշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրական ֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5- 19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և ունկնահաճո մեկնաբանության միջոցով:



© 2009 ARMENPRESS.am