ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի հարաբերություններն ամենակարեւորներից մեկն են աշխարհում, եթե ոչ ամենակարեւորը. Քերի

10:29, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն կարեւորագույն նշանակություն է տալիս Չինաստանի հետ համագործակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ի երեկոյան հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին:

«Երկու երկրների միջեւ հարաբերությունները, եթե ամենակարեւորը չեն, ապա, անտարակույս, ամենակարեւորներից մեկն են արդի աշխարհում»,- ասել է Քերին ամերիկա-չինական ռազմավարական ու տնտեսական երկխոսության հերթական նիստի ընթացքում: Նրա խոսքով՝ «ճիշտ մոտեցման դեպքում դրանք վճռորոշ կդառնան 21-րդ դարում»:

«Մենք ունենք հսկայական հնարավորություններ եւ բավականաչափ անկեղծ ենք միմյանց հանդեպ՝ ընդունելու որոշակի տարաձայնությունների առկայությունը»,- ասել է Քերին: Նա նաեւ հիշեցրել է, որ մի քանի ամսից պլանավորված է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի պետական այցն ԱՄՆ: Այն որակելով «պատմական»՝ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնում «ակնկալում են, որ այցը կօգնի մեզ առաջ շարժվել» երկու երկրների համագործակցության հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am