ԻՊ-ն Հասաքեի բնակիչներին վռնդում է իրենց տներից

13:03, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հեռուստատեսությունը հունիսի 25-ին տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքի Նաշուա շրջանի բնակիչներին վռնդում են իրենց տներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել Հասաքե քաղաքի մի քանի շրջանների վրա: Սիրիական ռազմական աղբյուրները հերքել են տեղեկությունը՝ նշելով, որ հարձակումը կասեցվել է:

Քոբանի քաղաքից տեղեկություններ են ստացվել, որ ԻՊ-ի իրականացրած պայթյունից 12 մարդ զոհվել, ևս 70-ը վիրավորվել են: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, իսլամիստները պայթյուն իրականացնելուց հետո փորձել են թափանցել քաղաք, սակայն քաղաքի պաշտպանական ուժերը կանխել են դա: Թեժ բախումները Քոբանիի մերձակայքում շարունակվում են:

Սիրիական բանակը նաև կանխել է զինյալների հարձակումը       Դարաայի նահանգում: Բախումների ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել: Հունիսի 25-ի գիշերը զինյալները հարձակում էին գործել Դարաա քաղաքում կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:

ԻՊ-ն հունիսի 25-ի գիշերը երեք կողմից հարձակվել է քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա: Հարձակումը սկսվել է թուրք-սիրիական սահմանային անցումի մոտ ականապատ մեքենայի պայթյուն իրականացնելով: Քաղաքն արդեն հինգ ամիս է ազատագրվել է իսլամիստներից:


© 2009 ARMENPRESS.am