Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում

14:56, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի համերաշխություն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների Բաղրամյան պողոտայում շարունակվող նստացույցի  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դերասան Վարդան Պետրսյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: «Դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո, նրա առողջական վիճակը բավարար է»,-այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:


© 2009 ARMENPRESS.am