Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիան խաղաղ է ընթանում

22:39, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները  և ոստիկանությունը  համագործակցում են հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու համար:  Քաղաքացիները շարունակում են պնդել, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում, և պատրաստ են շարունակել համագործակցությունը ոստիկանության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտ է: Ցուցարարների թիվը չի գերազանցում նախորդ օրերին բողոքի ակցիայի մասնակիցների թիվը: Նրանք այս պահին երգում են, իսկ ոստիկանական վերակարգը հսկում է բողոքի ակցիայի խաղաղ ընթացքը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ շնորհավորեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Վաղինակ Շուշանյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այնուհետև նա նշեց, որ թեև ոստիկանությունը  ցուցարարների կողմից նկատել է  որոշակի օրինազանցություններ, սակայն  պատրաստ է համագործակցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ՝ հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու համար:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am