Իսրայելը թուրք լրագրողներին արտաքսել է երկրից

11:37, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իրավապահ մարմինները Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանից արտաքսել են Թուրքիայի 9 քաղաքացու, որոնցից 4-ը լրագրողներ են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ինքնաթիռի վայրէջքից հետո իրավապահ մարմինները ժամանող թուրքերին շուրջ 6 ժամ տևող հարցաքննության են ենթարկել, ինչից հետո երկիր մուտք գործելու թույլտվություն են տվել միայն թուրքական TRT լրատվականի երկու լրագրողների, իսկ մյուս 7 քաղաքացիներին արտաքսել են՝ 10 տարի Իսրայել մուտք գործելու արգելքով: Նշվում է, որ թուրք լրագրողների՝ Իսրայել գնալու նպատակը տեղի պաղեստինցիների վիճակը լուսաբանելն է եղել:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունից դեռևս չեն մեկնաբանել կատարվածը՝ ասելով, որ կուսումնասիրեն միջադեպը:


© 2009 ARMENPRESS.am