Արամ Աթեշյանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան

14:04, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրութան մեջ:

Պատրիարքարանից հայտնել են, որ Արամ արքեպիսկոպոսը, «նկատի ունենալով համայնքի անդամների փափագը», ներկայացրել է դիմում նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ համաձայն Պոլսի հայ համայնքի ունեցած սովորույթների և կանոնների: Ստամբուլի նահանգապետարան այցելության ժամանակ Աթեշյանին ուղեկցել է արժանապատիվ Տեր Շիրվան քահանա Միրզոյանը:

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է անբուժելի` Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է` անկողնային վիճակում: 


© 2009 ARMENPRESS.am