Թուրքիայում օդապարիկի ընկնելու արդյունքում բազմաթիվ մարդիկ վիրավորվել են

15:36, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կապադովկիա զբոսաշրջային վայրում օդապարիկի ընկնելու հետեւանքով 18 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:30-ին:

«Միջադեպի պահին օդապարիկում 20 մարդ է եղել: Նրանցից 18-ը վիրավորվել են եւ հասցվել հիվանդանոցներ», -լրագրողներին հայտնել է տեղացի բժիշկը:

Օդապարիկում գտնվել են Չինաստանից 14, ԱՄՆ-ից 2, Բրազիլիայից մեկ եւ Հունաստանից երկու զբոսաշրջիկներ: Օդապարիկը կառավարել է թուրքիացի օպերատորը:

Թռիչքից հետո օդապարիկը կորցրել է կառավարումը եւ ընկել: Գետնին կոշտ հարվածելու ժամանակ օդապարիկի գազի բալոնը պայթել է, ինչի հետեւանքով այնտեղ գտնվող զբոսաշրջիկների մեծ մասը վնասվածքներ են ստացել:

2013 թվականի մայիսի 20-ին Կապադովկիայում օդում երկու օդապարիկ իրար բախվելու հետեւանքով տեղում զոհվել էր չինացի 23-ամյա զբոսաշրջիկ: Բախման ժամանակ օդապարիկներից մեկի մեջ գտնվող գազի բալոնը պոկվել եւ ընկեր էր ցած` հարվածելով բրազիլացի երեք զբոսաշրջիկների, որոնք նույնպես տեղում մահացել էին:

Կապադովկիայում օդապարիկներով զբոսաշրջային շրջագայություններ կազմակերպող 18 ընկերություններ կան, որոնք 200 օդապարիկներով ծառայություններ են առաջարկում զբոսաշրջիկներին: 1-3 ժամ տեւող օդապարիկով այդ վտանգավոր թռիչքի արժեքը մեկ մարդու համար կազմում է 50-150 եվրո:


© 2009 ARMENPRESS.am