Ադրբեջանը գազ ստանալու խնդրանքով դիմել է «Գազպրոմ»-ին

19:26, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը  դիմել է «Գազպրոմ» ընկերությանն՝ Ադրբեջան գազ մատակարարելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը: Նա հայտնել է, որ Ադրբեջանին գազ մատակարարելու գործընթացը կարող է սկսվել արդեն այս տարի, իսկ ծավալները կարող են հասնել տարեկան մինչև մի քանի միլիարդ խորանարդ մետրի: «Մեր ադրբեջանցի գործընկերները դիմել են մեզ ամենասեղմ ժամկետներում սկսել ռուսական   գազի մատակարարումը Ադրբեջան»,- հայտարարել է Միլերը:

Միևնույն ժամանակ, Միլերը հիշեցրել է, որ մինչև այս տարվա վերջ ուժի մեջ է Ռուսաստան ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, սակայն այս պահին Ադրբեջանը ՌԴ-ին գազ չի մատակարարում: Միլերը հայտնել է, որ ՌԴ-ն Ադրբեջանից գազ չի ստանում դեռևս անցյալ տարվա կեսերից:

«Գազպրոմ»-ը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը 2009թ. ստորագրել են ադրբեջանական գազի առք ու վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը: Ադրբեջանական գազի մատակարարումը ՌԴ սկսվել է 2010թ.: 2013թ. ՌԴ-ին մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները կազմել են տարեկան 1.4 միլիարդ խորանարդ մետր, 2014թ. նվազել են մինչև 0.21 միլիարդ խորանարդ մետր: 2015թ. Ադրբեջանը ՌԴ-ին գազ չի մատակարարել:


© 2009 ARMENPRESS.am