Հայկական բանակն արժանի պատասխանով կզսպի հակառակորդին. Սեյրան Օհանյան

22:49, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն, իսկ դա այսօր իրականացվում է հայկական բանակի մարտունակության, մեր զինուժի մարտական կարողությունների կատարելագործման շնորհիվ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում: Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ ավելացնելով, որ միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի հրադադարը պահպանվի:

Միաժամանակ, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ իր համար անընդունելի և անհասկանալի է նախիջևանյան հատվածի ուղղությամբ հակառակորդի կողմից վերջին կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումը: «Սովորաբար հակառակորդն իր եռանդը մարում է արժանի պատասխան ստանալու ժամանակ, այսօրվա իրականության մեջ դա է մեր հարևաններին զսպելու զսպաշապիկը: Եվ հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն»,- նշել է Օհանյանը: Նախարարը նկատել է նաև, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականությունը «սեփական անխոցելիության սինդրոմ»-ով է տառապում և իրականությունից կտրված է:

Սեյրան Օհանյանն ավելացրել է նաև, որ սահմանագոտի իր այցերը մշտապես են լինում, սակայն նախիջևանյան հատված այցը պայմանավորված էր վերջին դեպքով:

Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀ նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ:

 


© 2009 ARMENPRESS.am