Արմեն Աշոտյանը 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերից մեդալներ է ակնկալում

12:39, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեդալներ է ակնկալում Կորեայի Գվանգջու քաղաքում անցկացվելիք 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերից (ունիվերսիադա): Հուլիսի 3-ին մեկնարկող խաղերին Հայաստանը մասնակցում է 22 հոգանոց թիմով՝ 12 մարզիկ, 6  մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ:

«Ես գիշերը հաղորդագրություն ստացա, որ Հայաստանի պատվիրակությունը, որը մեկնել է ունիվերսիադային, բարեհաջող կերպով հասել է Սեուլ: Կարծում եմ, որ բոլորս պետք է երկրպագենք նրանց: Ես՝ որպես ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ափսոսում եմ, որ չեմ կարողացել իրենց հետ գնալ և չեմ կարողանալու ոչ մի օր միանալ նրանց: Բայց կարծում եմ, որ նախորդ՝ Կազանի ունիվերսիադայի հաջողությունները կրկնել դժվար կլինի, որովհետև այնտեղից աննախադեպ քանակությամբ՝ եթե չեմ սխալվում 10 մեդալ ունեինք: Այս ունիվերսիադայում սպասում ենք մեդալների: Մեր մարզիկները մեզ կարողանում են ուրախացնել անգան Բաքվում, ուր մնաց Սեուլից չուրախացնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից մասնակցում է ուսանողական խաղերին: Հայկական պատվիրակությունը մրցելու է 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (ունիսվերսիադա) կավարտվեն հուլիսի 14-ին:


© 2009 ARMENPRESS.am