Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցապատումից հետո կկրճատվի երկու անգամ

20:04, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Spea» և ARD իտալական համատեղ կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Արտաշատ-Քաջարան հատվածի (տրանշ 4) Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները:

Նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոն նշել է, որ աշխատանքների ընթացքում
կազմակերպության կողմից դիտարկվել է 9-ը տարբերակ, որոնցից
ուսումնասիրությունների արդյունքում քննարկման է ներկայացվել չորսը: Ըստ
այդմ, ներկայիս 120կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցապատումից հետո երկու անգամ կկրճատվի: Նախագծողի կողմից ներկայացվել են նաև այն տեխնիկական լուծումները, որոնցով պետք է իրականացվեն աշխատանքները:

Գագիկ Բեգլարյանը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծի
վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, առաջարկել շարունակել
աշխատանքները և ուսումնասիրություններ ներկայացնել Արտաշատ-Սիսիան
ճանապարհահատվածի վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am