Մանե Գալոյանը եւ Հայկ Ղազարյանը՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիրներ

10:11, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում հուլիսի 1-ի երեկոյան տեղի է ունեցել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը: ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մրցույթի մրցանակակիրներ են դարձել Հայաստանը ներկայացնող վոկալիստ Մանե Գալոյանը եւ Ռուսաստանը ներկայացնող ջութակահար Հայկ Ղազարյանը, որոնք արժանացել են բրոնզե մեդալների:

Մրցույթին, որը հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 3-ն ընթանում է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հայաստանի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:

Մրցույթի արդյունքներով՝ վեցական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին եւ ութ վոկալիստների:

Առաջին մրցանակակիրներն ստացել են 30 հազարական դոլար եւ ոսկե մեդալներ, երկրորդ մրցանակակիրները՝ 20 հազարական դոլար եւ արծաթե մեդալներ, երրորդ մրցանակակիրները՝ 10 հազարական դոլար եւ բրոնզե մեդալներ: Մրցույթի հաղթողներ են դարձել վոկալիստ Յուլյա Մատոչկինան (Ռուսաստան), վոկալիստ Գանբաատար Արիունբաատարը (Մոնղոլիա), թավջութակահար Անդրեյ Իոնուտ Իոնիցան (Ռումինիա) եւ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը (Ռուսաստան):

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Գրան պրին՝ 100 հազար դոլար (ի լրումն առաջին մրցանակի գումարի) կշնորհվի հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գալա-համերգի ժամանակ:

Մոսկվայում մրցույթի դափնեկիրների գալահամերգը հուլիսի 2-ին տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:


© 2009 ARMENPRESS.am