Քսանյոթ հայ պատանի կմասնակցի տարբեր երկրներում 6 միջազգային առարկայական օլիմպիադայի

13:29, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քսանյոթ հայ պատանի այս տարի տարբեր երկրներում կմասնակցեն  6 միջազգային առարկայական օլիմպիադայի: Այս մասին հուլիսի 2-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Մենք հպարտությամբ արձանագրեցինք 2014 թվականի միջազգային օլիմպիադաների արդյունքները՝ 20 մեդալներ ունեցանք վեց առարկաներից: 2015 թվականին հանրապետական օլիմպիադաներին 16 առարկայից մասնակցեցին ավելի քան 1500 երեխա: Այս օրերին ամառային ճամբարներում մեր թիմերը պատրաստվում են միջազգային օլիմպիադայի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նարինե Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն «Արմենպրես»-ին տրամադրել է օլիմպիադաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Ըստ տրամադրած ժամանակացույցի՝ Մումբայում (Հնդկաստան) հուլիսի 5-12-ը տեղի կունենա ֆիզիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան: Հայաստանն օլիմպիադային կներկայանա հինգ մասնակցով:

Հուլիսի 4-16-ն Թայլանդում կկայանա մաթեմատիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին մեր երկիրը կմասնակցի վեց հոգուց բաղկացած թիմով: Հուլիսի 12-19-ն էլ Դանիայի Օրհուս քաղաքում կանցկացվի դպրոցականների կենսաբանություն առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան, որին կմասնակցի չորս պատանի:

Հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը Ղազախստանում չորս պատանի կմասնակցի ինֆորմատիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային, իսկ հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Ինդոնեզիայում կանցկացվի աստղագիտության օլիմպիադան: Հայաստանն այս իրադարձությանը կներկայանա 5 հոգանոց խմբով:

Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում օգոստոսին տեղի կունենա աշխարհագրություն առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանից կմասնակցի երեք պատանի:


© 2009 ARMENPRESS.am