ՀՊՏՀ-ն առաջին անգամ կխաղա ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում

16:21, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթի 2015/2016թթ. խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ-ն (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) հայտնվեց G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն մոլդովական «Պրոգրեսը» և բելգիական «Հալլե-Գույկ» թիմը: Նախնական փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 25-30-ը Մոլդովայում: Հաջորդ՝ հիմնական փուլ դուրս կգան միայն 8 խմբերի հաղթողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:


© 2009 ARMENPRESS.am