Մարսելում Ցեղասպանության տարելիցին նվիրված ջազային համերգ է կայացել

14:08, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ է տեղի ունեցել Մարսելի Մոլին զբոսայգում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կայացել է հուլիսի 3-ին:

Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Եվրախորհրդարանի պատգամավորներ:

Համերգի բացման խոսքում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն քննադատության ենթարկեց Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` կարևորելով իր իսկ կողմից Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացրած ցեղասպանության ժխտումը քրեականացնող համապատասխան օրինագիծը և դրա ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ իրենց քաղաքապետարանը հուլիսի 3-ը հռչակել է որպես Հայաստանի օր:

Համերգն արժանացավ ջերմ ընդունելությանն ավելի քան հինգ հազար հանդիսատեսի կողմից և լուսաբանվեց լրատվամիջոցներով:


© 2009 ARMENPRESS.am