Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

17:07, 18 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 18-ի հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:

Վլադիմիր Համլետի Հակոբյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 

Ամուսնացած չէ:


© 2009 ARMENPRESS.am