Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում հայեր կան

16:48, 9 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված բոլոր ինը անձանց ինքնությունը հնարավոր է եղել պարզել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով LifeNews-ի աղբյուրներին, «Ռոբինսոն-44» ուղղաթիռի եւ «Սեսնա» երկկենցաղ-ինքնաթիռի բախման արդյունքում զոհվել է առնվազն երկու հայազգի:

Զոհերի թվում եղել են երկու անչափահասներ: Թեթեւ ինքնաթիռում վթարի պահին են եղել օդաչու Միխայիլ Երմոլչեւը, ուղեւորներ` Լարիսա Մանուկյանը, Պարույր Մանուկյանը, անչափահաս Էրիկը (ազգանունը չի պարզվել), Աֆելիա Գ.-ն (անչափահաս): Ուղղաթիռում, որը վարում էր փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովը, եղել են Օլգա Բագրովան, Ելիզավետան (ազգանունը չի պարզվել) եւ Մեմեդ Ռազաեւը: Բոլոր ուղեւորներն ու օդաչուները զոհվել են: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է նրանց մարմինները հանել ջրից:

Ավիավթարը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան: 


© 2009 ARMENPRESS.am