Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել հեռահաղորդակցության ոլորտում

12:03, 17 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 16-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև կապի և տեղեկատվական տեխնոլգիաների բնագավառում համագործակցության հարցեր:

Նախարար Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:  Դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում և ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:

Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաև հավելել է, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով:


© 2009 ARMENPRESS.am