ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ

16:06, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ցավակցական հեռագրում ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա ականավոր ռազմական ու պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի մահվան մասին:

Գուրգեն Դալիբալթայանը մեծ ավանդ է ունեցել հայոց բանակի կազմավորման ու զորացման գործում՝ իր անունը թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով»: 


© 2009 ARMENPRESS.am