Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահին

10:22, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2- ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ եղբայրական ժողովրդին` Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

1990 թվականը ճակատագրական դարձավ Մերձդնեստրի պատմության մեջ: Երկիրը կանգնեց անկախ պետականության կերտման ուղու վրա: Դա բարդ եւ փշոտ ճանապարհ էր: Սակայն Մերձդնեստրի ժողովուրդը հերոսաբար հաղթահարեց բոլոր մարտահրավերները, փայլուն հաղթանակներ տարավ, ստեղծեց պետություն՝ ցույց տալով անձնվիրության եւ հայրենասիրության արժանի օրինակ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս մեծ տոնի կապակցությամբ:

Խաղաղություն, բարգավաճում,  հետագա հաջողություններ եւ ձեռքբերումներ  եղբայրական Մերձդնեստրին»:


© 2009 ARMENPRESS.am