Անցած օրվա ընթացքում Գերմանիա են ժամանել հազարավոր փախստականներ

12:52, 6 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի գիշերը հազարավոր փախստականներ գնացքներով եւ ավտոբուսներով ժամանել են Գերմանիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Ոստիկանության տվյալներով, 570 փախստական տեղափոխող հատուկ գնացքներից մեկը Թյուրինգիա է ժամանել շաբաթ ուշ երեկոյան: Կեսից ավելին հետո տեղափոխվել են Դրեզդեն: Գնացքները փախստականներին հասցրել են նաեւ Համբուրգ եւ Բեռլին:

Ինչպես սպասվում է, կիրակի եւս մի քանի հազար մարդ, հիմնականում` Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից, Հունգարիայից կտեղափոխվեն Գերմանիա եւ Ավստրիա:

Ավստրիան եւ Գերմանիան համաձայնել են ընդունել Հունգարիայից եկող փախստականներին: Նախօրեին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ իր երկիրն իրավունք չունի սահմանափակել իր տարածքում ապաստան խնդրող փախստականների թիվը: 

 


© 2009 ARMENPRESS.am