Արցախի պատվիրակությունը մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին
11:34, 24 Սեպտեմբեր, 2015ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 19-22-ը մասնակցել է Երևանում կայացած «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին` ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունից, Արցախը ներկայացված է եղել առանձին տաղավարով` ձևավորված ուրույն ավանդական ոճով:
ԼՂՀ պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քարոզչական աշխատանք են իրականացրել` տաղավարի հյուրերին բաժանելով Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկատվություն փոխանցելով Արցախով հետաքրքրված այցելուներին:
Ցուցահանդես-ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև համաժողով, որտեղ Արցախի պատվիրակության ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով` ԼՂՀ-ում զբոսաշրջության կայուն զարգացման ուղղությունների մասին: Համաժողովին ներկա են գտնվել օտարերկրյա դեսպաններ, պաշտոնական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:
Ցուցահանդես-ֆորումում Արցախի պատվիրակությունը գլխավորել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
© 2009 ARMENPRESS.am