Բակո Սահակյանն ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահին

09:34, 30 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո Ռաուլ Ջումկովի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբախազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը:

Այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան եւ անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը:

Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր բոլոր հաջողությունների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ: Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային»:


© 2009 ARMENPRESS.am