Գեղարքունիքի մարզային եւ քաղաքային գրադարաններում անցկացվեցին «Հանդիպման վայրը` գրադարան» խորագիրը կրող միջոցառումները

17:45, 4 Հոկտեմբեր, 2015

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում եւ Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի քաղաքային գրադարաններում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեցին «Հանդիպման վայրը` գրադարան» խորագիրը կրող միջոցառումների շարքերը, որոնց մասնակցեցին գրադարանների կոլեկտիվները, մանկավարժներ, ընթերցասեր աշակերտներ, ստեղծագործողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը` մարզային գրադարանում շաբաթ երեկոյան ներկայացվել է չորս միջոցառում` ավելի քան չորսժամյա տեւողությամբ:

«ԱՍԱԼԱՆ 40 տարեկան է», «Հանդիպում ստեղծագործող ընթերցողների հետ», «Ավետիք Իսահակյանը եւ երաժշտությունը` նվիրված Իսահակյանի 140 ամյակին», «Գրական երեկո` նվիրված Հրաչյա Ներսիսյանի 120 ամյակին» թեմաներով միջոցառումների ընթացքում ընթերցողների եւ գրադարանի աշխատակիցների կողմից ներկայացվեցին բանաստեղծություններ, երգեր, պատմություններ հայ ազատագրական պայքարի մարտիկների մասին պատմություններ: Օրվա թեմաներով  ցուցադրվեցին տեսաֆիլմեր:

«Միջոցառումների շարքերն անցան բովանդակալից խոսքերով ու ներկայացումներով, գրական աշխույժ միջավայրում: Գրական խոսքն արժեւորողների մի բանակ էր հավաքվել գրադարանում` միջոցառումներին  հաղորդելով տպավորիչ ու բովանդակալից ընթացք»,-նշեց գրադարանի տնօրենը:

Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի եւ Սեւանի քաղաքապետարաններից ստացված տեղեկատվության համաձայն` «Հանդիպման վայրը` գրադարան» միջոցառումների շարքերը յուրաքանչյուր գրադարանում ընտրվել եւ ներկայացվել են յուրովի` գրադարանների կոլեկտիվների ընտրությամբ: Միջոցառումները սկսվել են երեկոյան ժամը վեցին եւ ավարտվել ժամը 22-ին: Հոկտեմբերի յոթին գեղարքունիքի մարզի գրադարաններում հանդիսավորությամբ կնշվի գրադարանավարի տոնը: 

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am