Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին ուղղված խիստ հայտարարություն է արել

11:58, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում և միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ այն անցել է Սիրիա: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պաշտոնական Անկարայից տեղեկացրել են նաև, որ այս հարցի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:


© 2009 ARMENPRESS.am