Սիրիայում տեղի է ունեցել ՀՀ անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն

13:04, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից «Շամ» հյուրանոցում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Ընդունելությանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհատ ալ Լահհամը, նախարարներ, այդ թվում Սիրիայի բնապահպանության հայազգի նախարար Նազիրա Սարգիսը: Ընդունելությանը մասնակցել են նաև խորհրդարանի անդամներ, տարբեր երկրների դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հայկական բոլոր կառույցների ղեկավարները, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը` հանգամանորեն անդրադառնալով Հայաստանի 24-ամյա ուղուն և բարձր արժևորելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը: Դեսպան Փոլադյանը բարձր է գնահատել հայ-սիրիական երկկողմ բարեկամական հարաբերութունների ներկայիս մակարդակը: 

Միջոցառման ընթացքում դեսպան Փոլադյանը սիրիացի հայտնի հասարակական-մշակութային գործիչ, գրող Նաբիլ Տո'մեին է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Երախտագիտության» մեդալը՝ հայ-սիրիական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:


© 2009 ARMENPRESS.am