Առաջնային գծից մոտ 50 կմ-ի վրա արձանագրվել են ադրբեջանական ռազմօդուժերի ուսումնական թռիչքներ. ԼՂՀ ՊՆ

10:17, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: 


© 2009 ARMENPRESS.am